Ինչո՞ւ է ձգձգվում ԿԳՄՍ նախկին փոխնախարարի գործը. փաստաբանը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

գոևրգ

ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանը հայտարարություն է տարածելով՝ նշելով, որ իր պաշտպանյալը ենթարկվում է  քրեական հետապնդման։

«Գևորգ Լոռեցյանն ակնհայտ անհիմն մեղադրանքով կալանավորվեց հինգ ամիս առաջ: Վերջինս մինչ օրս որևէ սուր հայտարարությամբ հանդես չի եկել իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ և նշել է, որ ապավինում է ՀՀ արդարադատությանը ու հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը:

Այսօր՝ կալանավորվելուց շուրջ կես տարի անց, Գևորգ Լոռեցյանը արդեն իր տարակուսանքն է հայտնում քրեական գործի դանդաղ ընթացքի վերաբերյալ, ինչի կապակցությամբ հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին ցուցաբերել առավել ջանասիրություն ու հնարավորինս շուտ ավարտել գործի նախաքննությունը:

Պետք է նշեմ, որ գործի քննության ձգձգումը պայմանավորված է նրանով, որ Գևորգ Լոռեցյանը փաստացի ենթարկվում է քրեական հետապնդման նաև մի այնպիսի արարքի համար, որի վերաբերյալ նրան մեղադարնք չի առաջադրվել, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտում է: Այլ կերպ ասած՝ պարոն Լոռեցյանը իրեն հասկանալի լեզվով (հայերեն) չի տեղեկացվել  իրեն ներկայացվող նաև այդ մեղադրանքի բնույթի ու հիմքի մասին:

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա, պահպանելով սույն գործով որդեգրած ռազմավարությունը, հրապարակայնորեն որևէ փաստի վերաբերյալ պնդումներ առայժմ չենք կատարի:

Պարզապես այդ մեղադրանքի լրջության աստիճանը գնահատելու համար հիշեցնենք, որ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա ավելի քան 13 միլիոն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերել տնտեսվարող սուբյեկտի հետ մրցույթի շրջանակներում նրա հաղթանակը ապահովելու համար:

Ի դեպ, ֆանտաստիկ տնտեսագետ պետք չէ լինել, որպեսզի պարզագույն հաշվարկի միջոցով հասկանալ, որ այդ մրցույթի հաղթանակի արդյունքում տվյալ կազմակերպության շահույթը կազմելու էր մի քանի անգամ ավելի փոքր գումար, քան «պայմանավորված կաշառքի» գումարն էր:

Հիմա. քրեական հետապնդում իրականացնող մարմինը կամ պետք է առնվազն ապացուցի, որ սույն գործով «կաշառք տվողը» աշխարհի ամենավատ բիզնեսմենն է, կամ ընդունի, որ առաջադրված մեղադրանքը զավեշտ է:

Անկախ նրանից, թե նշվածներից որ ուղղությամբ կկենտրոնանան, հորդորում ենք գործել արագ», - ասված է Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին կաշառք վերցնելու կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալել էր ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։ Ձերբակալվել էին նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն, որը միաժամանակ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է:

Դեկտեմբերի 7-ին Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել։