Չկա բովանդակային քննարկում՝ բացի անձնական վիրավորանքից. Մարուքյանը՝ ԼՀԿ-ի առաջարկի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրառնալով ԼՀԿ-ի առաջարկին:

«Կարծում ենք, որ մայիս-հունիսի համար պետք է 100 միլիարդ դրամ ծախսել, այսինքն՝ մայիսին պետք է 100 միլիարդ դրամ ներարկել տնտեսության մեջ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերվի»,-ասել է Մարուքյանը և տեղեկացրել, որ երկրում սկսված այս բանավեճի առիթն իրենց առաջարկն է, սակայն որևէ բովանակային քննարկում չկա՝ բացի անձնական վիրավորանքներից:

«Այս օրերի ընթացքում անընդհատ ապացուցել ենք, որ փողը կա: Այդ լրացուցիչ եկամուտը, որ ունի պետությունը կազմում է մոտ 380 մլրդ դրամ: Այդտեղ վստահաբար կա 100 միլիարդ դրամի ազատ գումար: Բայց տեսեք՝ ինչ է կատարվում. զուտ այդ առաջարկն անելու համար, զուտ մարդկանց տեղեկացնելու համար, որ մենք ունենք փող և այդ փողով ենք մտել ճգնաժամի մեջ, և կարող ենք մարդկանց աջակցել, մենք դարձել ենք թիրախ տարատեսակ հայհոյախառն ելույթների, մեզ ուղղված զրպարտանքների: Բայց դա որևէ ձևով չի կասեցնելու մեր ընթացքը»,-հայտարարել է Մարուքյանը և հիշեցրել, որ իրենց առաջարկի բովանդակությունն այն է, որ 100 հազար դրամ պետք է տրամադրվեր 500 հազար ընտանիքներին, ինչպես նաև 1 ամսվա հավելյալ թոշակ տրամադրել 470 հազար թոշակառուների: