ԱՀ Մարտունու քաղաքապետը Արայիկ Հարությունյանի հետ խորհրդակցելուց հետո հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News    

Մարտունու քաղաքապետ

Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ։ Նա խորհրդակցել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ (Հայկ Սարգսյանը ևս «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է): Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետը գրել է․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Այս տարվա մարտի 31-ին և ապրիլի 14-ին մեր հանրապետությունում անցկացված համապետական ընտրությունները հերթական անգամ ամրապնդեցին ժողովրդավարական արժեքներով պետականության կառուցման մեր հաստատակամությունը: Մեր պայքարն ի սկզբանե, ազատ ու ինքնիշխան Արցախ ունենալուց բացի, օրինական ու օրինակելի պետություն կերտելուն է միտված: Հպարտ եմ, որ հանուն այդ մեծ գաղափարի ձեզ հետ միասին արել ենք հնարավորը՝ կիսելով կորստի ցավն ու հաջողության քաղցր պտուղները:

Այդ ջանքերի համատեքստում, անցած տարվա սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրումը նպատակ ուներ Մարտունին ավելի լավը դարձնել: Եվ իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեզանից յուրաքանչյուրին ձեր տված վստահության քվեի և աշխատանքում աջակցելու պատրաստակամության համար. իմ պարտականությունն էր լինել բոլորի քաղաքապետը, ինչը արել եմ անկեղծ սիրով և հարգանքով յուրաքանչյուրիդ հանդեպ:

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որն ինձ ստիպել է շատ կարևոր որոշում կայացնել: Բոլորդ լավ հիշում եք իմ մասնակցությամբ այն միջադեպը, որով փորձել եմ կանխել Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների և մի խումբ մարտունեցի երիտասարդների միջև հնարավոր բախումը նախընտրական շրջանում՝ թույլ չտալով նրանց մտնել Մարտունի քաղաք: Առիթ ունեցել եմ թե՛ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներին և թե՛ մեր համաքաղաքացիներին ներկայացնելու իմ այդ քայլի պատճառը, որը պայմանավորված էր սրտացավությամբ: Այսօր էլ պնդում եմ այդ մասին, թեև գիտակցում եմ, որ այն իմ կողմից կիրառված լավագույն մեթոդը չէր: Այո՛, դա իմ բացթողումն է, և ես այն ընդունում եմ արժանապատվորեն: Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ որոշ ուժերի կողմից այդ միջադեպը դարձել է քաղաքական շահարկման թեմա, և հետևողականորեն փորձում են դրանով ստվերել Արցախում անցկացված համապետական ընտրությունները: Իմ անցած ճանապարհը և երկրիս ու ժողովրդիս հանդեպ ունեցած սերն ու պատասխանատվությունը ինձ բարոյական իրավունք չեն վերապահում հանգիստ հետևելու այդ գործընթացին:

Ես, որ հայրենիքի ազատության զոհասեղանին էի դրել կյանքս, այսօր չեմ պատրաստվում կասկածի տակ դնել մեր երկրի ու իմ դավանած քաղաքական գաղափարների հեղինակությունը հանուն աթոռի: Խորհրդակցելով կուսակցության նախագահի և կուսակից ընկերներիս հետ ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը:

Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ համատեղ կարճատև, բայցև բովանդակալից աշխատանքի համար: Խնդրում եմ ներողամիտ գտնվել և ըմբռնումով մոտենալ որոշմանս:

Համավարակի այս բարդ ժամանակներում առողջություն եմ մաղթում բոլորիս»։