Ջալալ Հարությունյանը հետևել է զորամասում մարզումների և ցուցադրական պարապմունքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

պբջալալ

«ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մայիսի 4-ին կենտրոնական ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի ենթակայությամբ գործող զորամասում հետևել է ‹‹Հրաձգային զենքերով պաշտպանողական մարտում կրակ վարելու եղանակներն ու միջոցները›› և ‹‹Նռնականետային դասակի կիրառման կարգը պաշտպանողական մարտի վարման ժամանակ›› թեմաներով անցկացված մարզումների և ցուցադրական պարապմունքների ընթացքին, որին ներգրավված էին ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց մարտական պատրաստության գծով տեղակալները, գումարտակների ու վաշտերի հրամանատարները, նռնականետային դասակների հաշվարկների հրամանատարները»: Այս մասին հայտնում են պաշտպանության բանակից:

«Բանակի հրամանատարը, կարևորելով անցկացվող պարապմունքները, ուսուցանվող սպաների ուշադրությունը հրավիրել է կարևորագույն այն խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք հրամանատարական կազմին անհրաժեշտ են ենթակաների ուսուցման և մարտական խնդիրների արդյունավետ կատարման գործում:

Անցկացվող պարապմունքները առավել արդյունավետ մատուցելու համար ծավալվել են ուսումնական կետեր, որտեղ պարապմունքի ղեկավարները գործնականում ներկայացրել են խրամատից, ինչպես նաև հրաձգության վարման տարբեր դիրքերից կրակ վարելու եղանակները, ՀԱՆ-17 տիպի նռնականետի նշանակությունը, քանդման և հավաքման կարգը, նորմալ նշանազարկի բերման մեթոդները, ինչպես նաև կրակային պատրաստության համապատասխան նորմացույցների կատարումը:

Ցուցադրական պարապմունքների ավարտին ամփոփվել են արդյունքները, նշվել թերացումներն ու դրական կողմերը, իսկ զորամասերի հրամանատարներին ենթակաների հետ նմանատիպ պարապմունքներ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Նշենք նաև, որ նմանատիպ վարժանքներ ու ցուցադրական պարապմունքներ անց են կացվել նաև ՊԲ այլ զորամասերում»: