ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Երևան, Ստեփանակերտ, Բաքու այցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 2, 24News

Thumbnail

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ:

Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքները, նախանշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հետագա քայլերը և գնահատել առկա իրավիճակը:

Համանախագահները հիշեցրել են, որ տարածաշրջանային այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, հանդիպում ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, հետևել առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմին՝ դիտորդական առաքելության շրջանակում:

«Երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ առաջնագծում լարվածության մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ Դուշանբեում վերահասատատել են լարվածությունը թուլացնելու իրենց հանձնառությունը: Խորհրդակցությունների ընթացքում համանախագահները լրացուցիչ տեղեկատվություն են ստացել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ ուղիղ կապի հաստատման վերաբերյալ: Համանախագահները ողջունել են տեղի ունեցող զարգացումները, բարձր գնահատել կառուցողական միջոցառումներ իրականացնելու կողմերի բարեխիղճ քայլերը և աջակցություն հայտնել առաջնորդներին՝ երկխոսությունը շարունակելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների համար ընդգծել են փոխվստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել մինչև տարեվերջ: