ԱՆ-ն միջազգային գործընկերների մասնակցությամբ եռօրյա առցանց հանդիպում է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

ԱՆ

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է պատմության մեջ աննախադեպ եռօրյա առցանց (վիրտուալ) առաքելություն Հայաստան, որին մասնակից են դարձել Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Գերմանիայի «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը: «Ռոբերտ Կոխ» հեղինակավոր ինստիտուտի հետ կապը հաստատվել է ՀՀ նախագահի   նախաձեռնությամբ:

Կայացել է առաջին քննարկումը, որն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, առողջապահության նախարարության և  համակարգի մասնագետների մասնակցությամբ:

Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության նախարարության  աշխատանքը COVID-19-ի դեմ պայքարում: Միջազգային գործընկերները ներկայացրել են իրենց աշխատանքը, միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի աշխատանքն ու փորձը համավարակի տարածման դեմ պայքարում:  

Առցանց առաքելության ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի դեմ տարբեր երկրներում պայքարի վարման փորձին ու հիմնական առանձնահատկություններին, ձևավորվել են կողմերին հետաքրքրող հարցերի պատասխանները: Միջազգային առաքելությունը առաջարկներ է ներկայացրել Հայաստանին, որը կօգնի երկրին ամրապնդել ձեռք բերված հաջողությունները և հետագա աշխատանքի շուրջ որոշումներ կայացնել:

Փորձի փոխանակումը և խորհրդակցությունները կշարունակվեն նաև կողմերի  միջև հաջորդ երկու քննարկումների ընթացքում: