Ընտանեկան ողբերգությունը լայքեր հավաքելու համար օգտագործելն անթույլատրելի է․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News    

ՄԻՊ

Հոր ու երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո համացանցում տարածվում են անձնական բնույթի տեղեկություններ ու նույնիսկ դեպքի վայրից լուսանկերներ: Ընդ որում, առանձին դեպքերում դա արվում է այնպես, որ մարդու մասնավոր կյանքը, ընտանեկան ողբերգությունը դառնում են ակնհայտ շահարկման առարկա: Ծավալվող «քննարկումները» փնտրում են մեղավորներ, իսկ մի շարք դեպքերում էլ թիրախավորում կնոջը: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

«Խիստ մտահոգիչ եմ համարում առանձին կայքերի ու սոցիալական ցանցերում առկա նման վերաբերմունքը:

Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելն անթույլատրելի է։

Մենք պետք է նկատի ունենանք, որ նման քայլերի արդյունքում ցավ ու տառապանք ենք պատճառում այդ ընտանիքներին։ Ավելին, այդ կերպ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի համացանցում հայտնված լուսանկարները մշտապես ուղեկցեն մարդկանց իրենց ողջ կյանքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Այսպիսի երևույթներն անընդունելի են նաև հասարակությունում արժեքների, ընկալումների ու բացասական հետևանքների տեսանկյունից։

Ցավակցությունս եմ հայտնում մահացածների հարազատներին»,- գրել է ՄԻՊ-ը։։