Մարտի 17-ից մայիսի 7-ը Արցախում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ․ Տեղեկատվական շտաբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

գնաճ

Հաշվի առնելով, որ հայաստանյան և արցախյան շուկաներում 2020 թվականի մարտի 2-րդ կեսից սկսել են ի հայտ գալ կորոնավիրուսի ազդեցությամբ պայմանավորված տնտեսական հետևանքներ՝ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ներկայացնում է Հանձնաժողովի այդ ուղղությամբ կատարած աշխատանքները և տվյալ ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարբեր ապրանքային շուկաներում տեղի ունեցած գնային փոփոխությունները, գրում է Տեղեկատվական շտաբը։

2020 թվականի մարտի 17-ից մինչև մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը 20 առևտրային օբյեկտներում իրականացրել է պարենային և ոչ պարենային (այդ թվում՝ բժշկական և կենցաղային) 25 ապրանքային խմբերի շրջանառության ոլորտներում առկա 43 լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների 45 դիտարկում և համեմատական վերլուծություն:

Նշված ժամանակահատվածում դիտարկված 43 ապրանքատեսակներից 13-ի գները աճել են, 8-ինը՝ նվազել, իսկ 22-ի գները մնացել են անփոփոխ: Արդյունքում նշված ապրանքատեսակների մասով արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ: