Գյումրիում 30-ամյա քաղաքացին կոտրել է բջջային օպերատորի սրահի դուռն ու գողություն արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Մայիսի 4-ի գիշերը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Թիրախը բջջային օպերատորներից մեկի Գյումրու սպասարկման կենտրոնն էր։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը արձանագրեցին, որ կոտրել են մուտքի դռան ապակին ու սրահից հափշտակել համակարգչի էկրան։ Կումայրիի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ դեպքից երկու օր անց բացահայտեցին հանցագործությունը։ Նրանք փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ սպասարկման սրահից գողություն է արել Գյումրու Աթաբեկյան փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը դռան ապակին կոտրել էր երկաթե առարկայով, իսկ համակարգչի էկրանը տարել տուն։ Ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին, իսկ նրա տանը հայտնաբերեցին գողացված էկրանն ու այն առարկան, ինչով կոտրել էր սպասարկման կենտրոնի դռան ապակին։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։