Սեփականատերը շինաշխատանք է կատարել առանց համապատասխան թույլտվության. Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տիգրան Մեծի պողոտայի վրա՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել և փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները և հանել շվաքարանը:

Յուրաքանչյուր վերակառուցում, լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակիչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՍՄ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ:
Օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել:

Շնորհակալություն Տիգրան Գալստյանին խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Ի դեպ, լուսանկարում երևացող պատշգամբը կառուցվել (վերանորոգվել) է տարիներ առաջ»: