Հուսով եմ, կկարողանանք Հաղթանակի օրը տոնական մթնոլորտ ստեղծել վետերանների համար․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստալիքին տված հարցազրույցում խոսել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների և Կառավարության կողմից վետերաններին տրամադրված աջակցության մասին։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Հայաստանը նշելու Հաղթանակի տոնը, Փաշինյան ասել է, որ կորոնավիրուսը, ցավոք, թույլ չի տվել իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված էին, սակայն մայիսի 9-ին օդային շքերթ է կազմակերպվելու։

«Մայիսի 9-ին մենք կկազմակերպենք միջոցառումներ, և դրանց հիմնական էությունը փառաբանելն է այն վետերաններին, ովքեր դեռ մեզ հետ են: Ներկայումս Հայաստանում ապրում է 287 վետերան, և մայիսի 9-ին տեղի կունենան նրանց նվիրված պաշտոնական միջոցառումներ»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ  ՀՀ կառավարությունը որոշել է Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ պատվավոր մրցանակներ տրամադրել բոլոր վետերաններին՝ 300 հազար դրամի չափով:

«Անցյալ տարի մենք կրկնապատկեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերանների թոշակները: Հուսով եմ, որ կորոնավիրուսի պայմաններում  կկարողանանք ստեղծել տոնական մթնոլորտ բոլորի և հատկապես՝ վետերանների համար»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև իր պապի մասին, ով զոհվել է Հայրենական մեծ պատերազմում․

«Ես նրա մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս ոչինչ չի հիշում, որովհետև պապս գնացել է ռազմաճակատ, երբ հայրս մեկ տարեկան երեխա էր: Ինձ համար պապս պարզապես լուսանկարներ են և հորս մի քանի պատմություններ: Կարող եմ ասել միայն, որ նա եղել է 138-րդ հրաձգային դիվիզիայի սերժանտ, որպես 554-րդ հրաձգային գնդի մաս: Ըստ որոշ փաստաթղթերի, նա մահացել է 1943-ի փետրվարին, այլ փաստաթղթերի համաձայն, նա անհայտ կորած է: Ըստ որոշ փաստաթղթերի, Ստալինգրադի մերձակայքում, ըստ այլ փաստաթղթերի, Ղրիմում: Ես բախտ չեմ ունեցել պապիս հետ խոսելու, և նույնիսկ հայրս այդ հնարավորությունը չուներ»,- նշել է նա։

Փաշինյանը հայտնել է, որ ունի պապի մի քանի հին լուսանկար, որոնք շատ թանկ հիշողություններ են ընտանիքի համար։

Հարցին, թե ինչ է անում իշխանությունը, որպեսզի երիտասարդները հիշեն Խորհրդային միության 107 հերոսների անունները, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի երիտասարդությունը և, ընդհանուր ՀՀ բոլոր քաղաքացիները ամեն օր շփվում են այդ պատերազմի հերոսների հետ, որովհետև, օրինակ, Երևանի գլխավոր պողոտաներից մեկը պատերազմի հերոսի Մարշալ Բաղրամյանի անունով է:

«Մեկ այլ հայտնի պողոտա էլ Մարշալ Բաբաջանյանի անունով է: Երրորդ պողոտան `ծովակալ Իսակովի պատվին: Այսպիսով, մենք ամեն օր շփվում ենք Հայրենական մեծ պատերազմի հերոսների հետ: Մայրաքաղաքում և երկրում կան բազմաթիվ հուշարձաններ ճակատում զոհվածների պատվին: Երկու անգամ հերոսի կոչում ստացած Նելսոն Ստեփանյանը հերոսաբար զոհվեց Հայրենական մեծ պատերազմում: Հայաստանը բոլոր այդ մարդկանց ընկալում է որպես մեր ժողովրդի իսկական հերոսներ: Կարծում եմ, որ մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը հայրենիքի համար մեռնելու պատրաստակամությունն է: Այդ մարդիկ, մեր ընկած հերոսները, ցույց տվեցին, որ հասել են մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանի»,- ասաց Փաշինյանը։