«Շնորհակալություն». Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասներին 4 լեզուներով 1 բառ է գրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

1

«DW»-ն գրում է, որ մայիսի 8-ին երեկոյան Բեռլինյան Բրանդենբուրգի դարպասներին ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով և գերմաներենով գրվել է «շնորհակալություն» բառը:

Ակցիայի կազմակերպիչը «Kulturprojekte Berlin» կազմակերպությունն էր: Նախաձեռնության մասին կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել նաև. «1945-ի մայիսի 8-ի ուշ երեկոյան կապիտուլյացիան ուժի մեջ մտավ: Այս պրոյեկցիայով Բեռլինը 75 տարի անց կցանկանար շնորհակալություն հայտնել դաշնակիցներին Եվրոպան ազգային սոցիալիզմից ազատագրելու համար»:

Աղբյուրը նաև գրում է, որ մայիսի 8-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ծաղկեպսակներ են դրել Գերմանիայում պատերազմի և բռնակալության զոհերի Նոյե Վախե գլխավոր հուշահամալիրում:

«Ազատագրումը եկավ դրսից: Այն պետք է գար դրսից. այս երկիրը չափազանց խորն էր խրվել չարիքի և իր սեփական մեղքի մեջ: Բայց Գերմանիայի արեւմտյան մասում տնտեսական վերածնունդն ու ժողովրդավարության նոր սկիզբը հնարավոր դարձան բացառապես նախկին ռազմական հակառակորդների կողմից ցուցաբերած մեծահոգության, խորաթափանցության և հաշտվելու պատրաստակամության շնորհիվ»,- հայտարարել էր Շտայնմայերը: