Տավուշի մարզում ի նշան նախկին պատգամավորի դեմ բողոքի՝ բնակիչները փակել են ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել:

Խաշթառակ գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները:

Ուզում ենք այս քայլով պատասխանատուների քար անտարբերությունը կոտրենք, որպեսզի իրավիճակի մասին տեղեկանան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, թե չէ մարզպետից հույս չկա, նա միայն լավ ճառ է ասում՝լրիվ մկների ժողովի նման՝ ճառ է ասում, բայց զանգ չի կախում»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ խցանումը անցնում է մի քանի կիլոմետրն, ու հիմա բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները: