«Մարդկային եղբայրությունը» դիմում է ազգերին՝ COVID-19-ից ազատվելու համար աղոթել առ Աստված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ամէ

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Մարդկային եղբայրության» Գերագույն հանձնաժողովը կոչ է անում աշխարհի բոլոր ազգերին մայիսի 14-ին,  իրենց կրոնին, հավատամքին և ուսմունքին համապատասխան, աղոթք հղել առ Աստված, ծոմ պահել և բարի գործեր կատարել, որպեսզի Աստված վերջ տա այս համավարակին, ազատի  մարդկությանը ներկայիս տառապանքից և օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել և փրկել աշխարհը վիրուսի տարածման առողջապահական, տնտեսական և հումանիտար հետևանքներից:

Աբու Դաբիում  Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ազհարի շեյխ Ահմադ ալ-Տայեբի միջև ստորագրված «Մարդկային եղբայրություն՝ հանուն գլոբալ խաղաղության և համակեցության» փաստաթղթի հիման վրա ձևավորված հանձնաժողովը հայտարարել է․ «Նոր տիպի կորոնավիրուսի արագ տարծումը վտանգի է ենթարկում ողջ աշխարհը և սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին։ Եթե մենք հավատում ենք համաճարակի  հաղթահարման գործում բժշկության և գիտական հետազոտությունների կարևորությանը, ապա չպետք է մոռանանք նաև այս ճգնաժամի պայմաններում դիմել Աստծուն»:

«Մարդկային եղբայրության» փաստաթղթի նպատակների իրագործման Գերագույն հանձնաժողովն առաջարկել է մայիսի 14-ը հայտարարել համընդհանուր աղոթքի և ծոմապահության օր՝ հորդորելով բոլոր կրոնական առաջնորդներին և ազգերին ականջալուր լինել այս մարդասիրական կոչին և միաձայն աղոթք հղել առ Աստված՝ այս համավարակին վերջ տալու և ողջ մարդկության համար  անվտանգություն, կայունություն, առողջություն և առաջընթաց ապահովելու համար։