«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն պատրաստվում վայր դնել մանդատները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News 

քաղաքական

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունում մանդատները վայր դնելու հարց չի քննարկվում, որովհետև այդ մանդատները մեզ տվել են ՀՀ քաղաքացիները,  և նրանց շահերը մենք ուղղակի պարտավոր ենք ներկայացնել Ազգային Ժողովում։ Այս պահին քննարկում ենք մեր հետագա աշխատանքի ֆորմատը։ Ո՛չ մենք ենք սպասում, ո՛չ էլ հանրությանն եմ խորհուրդ տալիս, որ իշխանությունից որևէ քայլ սպասեն»,-24News-ի հետ զրույցում նշեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որն առաջարկել էր Էդմոն Մարուքյանին վայր դնել մանդատը, Գորգիսյանը նշեց․ 

«Հերթական էժանագին մանիպուլիացիան եմ համարում այս տարբերակը։ Մարդը հարձակվել՝ խփել է Մարուքյանին իր ելույթի համար, մի հատ էլ հանդգնություն ունի պահանջել, որ Մարուքյանը մանդատը վայր դնի, սա քաղաքական սնանկության մասին է խոսում։ Ամեն գնով սեփական մեղքն արդարացնելու մասին է խոսում, սա տանելու է մի տեղ միայն՝ ամենաթողության ուժեղացմանն ու ամենախիստ տոտալիտարիզմի հաստատմանը մեր երկրում»,- նշեց Գորգիսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը, ում մանդատը վայր դնելու հարցը ևս բարձրացվեց այսօր իշխող խմբակցության կողմից, մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ մտադրություն չունի մանդատը վայր դնելու․ 
«Ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ։ Բոլորդ էլ տեսել եք, տեսանյութում պարզ երևում է, որ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը հարվածել են Մարուքյանին, նրանց մանդատ վայր դնելու հարցը նորմալ է, որ քննարկվի, բայց ի՞նչ կապ ունեմ ես և Սարգիս Ալեքսանյանը, ինչո՞վ է սա պայմանավորված։ Լրիվ անհիմն հայտարարություն է։ Ծեծկռտուքի ժամանակ մենք ընդամենը փորձել ենք հանդարտեցնել բոլորին, որևէ հայհոյանք և հարված չենք հասցրել որևէ մեկի հասցեին։ Ես նույնիսկ աջակցել եմ Վահե Ղալումյանին, որ բարձրացնեի ընկած տեղից, կռացել, օգնել եմ։ 
Ժողովուրդն ընտրել է ինձ, որպեսզի ես լինեմ Ազգային Ժողովում և ներկայացնեմ նրանց, չեմ պատրաստվում մանդատս վայր դնել։  Ես էլ, եթե հայտարարեմ, որ մանդատս վայր կդնեմ, եթե Նիկոլ Փաշինյանը մանդատը վայր դնի, տեղի՞ն կլինի այս հայտարարությունը։ 
Ենթադրենք, ես վայր դրեցի իմ մանդատը, դրանով որևէ բան հարթվելո՞ւ է, լուծվելո՞ւ է, ո՛չ, ինչի՞ համար պետք է վայր դնեմ»,-նշեց Այվազյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Սարգիս Ալեքսանյան,  ևս նշեց, որ չի պատրաստվում վայր դնել իր մանդատը․ 

«Եթե ապացուցեն, որ հանցակազմ կա, եթե արել եմ նույնը, ինչ Վահե Ղալումյանը,  պատրաստ եմ վայր դնել մանդատը, բայց վայր չեմ դնի, սա քստմնելի է, եթե մեր գործողությունները հավասարեցնում են։ 

Ծեծկռտուքի ընթացքում, երբ Վահե Ղալումյանն իմ առջևից գնում էր, որ Մարուքյանին հարվածեր և գլխից բռներ, այդ պահին ես նրան հետ եմ քաշում պարզապես, որ թույլ չտամ։ Սա որպես արդարացում չէ, պետք չէ հանրությանը մոլորեցնել։ 
Ամոթ եմ զգում, ես ամաչում եմ կատարվածի համար, բոլոր պատգամավորները պետք է վատ զգան, սա Ազգային Ժողովի պատվի հարցն է։ Սա իսկապես ամոթալի է»,-նշեց Ալեքսանյանը։ 

Նշենք, որ այսօր՝ մայիսի 11-ին  Իմ քայլը խմբակցության ղեակվար Լիլիթ Մակունցը Ազգային Ժողվի իր ելույթում նշել էր, որ միջադեպը հարթելու համար Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը պատրաստ են վայր դնել իրենց մանդատները, եթե մանդատները վայր դնեն նաև ԼՀԿ անդամներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը։