Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկածները քաջատեղյակ չեն՝ ինչին են կողմ քվեարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News 

Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը կողմ քվեարկած պատգամավորները, համոզված եմ, ոչ ամբողջովին են քաջատեղյակ, թե ինչին են կողմ քվեարկել։ Իսկ հիմա անդրադառնամ այդ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՆՔՈՎ՝ արդեն իսկ տարիներ առաջ կատարված մի անչափ տհաճ օրենսդրական փոփոխությանը՝ եզրակացությունը թողնելով իրենց։ Նախկին քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն էր սահմանված՝ մինչև 16 տարեկան կամ արբունքի չհասած երեխաների հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերության համար։ Հետագայում, հիշյալ կոնվենցիայի դրույթների հենքով (18-րդ հոդված) օրենսգրքում կատարվեցին մի շարք «հեռանկարային» փոփոխություններ, որոնցից արտառոցը, թերևս, այն էր, որ դրանով արդեն հանվեց պատասխանատվությունն այն անձանց համար, որոնց 18 տարին դեռ չի լրացել, թեպետ՝ 16 տարեկան անձն արդեն քրեական պատասխանատվութան սուբյեկտ է։ Ասել կուզի` օրինակ 17-ից մինչև 18 տարեկան երիտասարդը, որոնց մի մասը արդեն 2-րդ կուրսում է սովորում, «փոխադարձ համաձայնությամբ» կարող է սեռական հարաբերություն ունենալ արբունքի չհասած դիցուկ 12 տարեկան անչափահասի հետ (ընդ որում սեռն էլ նշանակություն չունի), և իր արարքը չի համարվի անգամ զանցանք։ Մնում է, օրինակ՝ անչափահասի ծնողին խելամիտ բացատրություն տաք, թե այդ ինչ տրամաբանությամբ է երեխաների սեռական շահագործման դեմ պայաքարի համար կոչված կոնվենցիան հանգեցնում հակառակ արդյունքի՝ երեխաների այսպիսի անպաշտպան վիճակի։ Ուշ չէ, գոնե նախաձեռնեք, որպեսզի շրջանառության մեջ դրված քրեական օրենսգրքի նախագծում վերանայվեն հիշյալ կարգավորումները (ի դեպ՝ օրինագծի համար պատասխանատու իրավագետները դեմ չեն)։ Իսկ մյուս «անտեսանելի» սպասվող վտանգներին դեռ կանդրադառնամ, ցավոք, դրանք սակավ չեն։ Վավերացնելը չարյաց մեծագույնը չի լինի, եթե կարողանաք, կամք ունենաք գոնե իրավական և սոցիալական համակարգերը զերծ պահել վերը նշված անմիտ զարգացումներից ....»