Հարցաքննություններ՝ Արթուր Դանիելյան-Ալեն Սիմոնյան միջադեպի գործով. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News 

Ալեն Արթուր

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործը ակտիվորեն քննվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Հարցաքննվում են գործով ականատես վկաները, ծեծկռտուքի մասնակիցները։

Երեկ այս գործով հարցաքննվել է նաև Դավիթ Ջալալյանը, որը ականատես է եղել միջադեպին և փորձել է «բաժանել» վիճաբանության կողմերին։ Դավիթ Ջալալյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ, սակայն հարցաքննության բովանդակության մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չբացահայտելու մասին։

«Քննիչը նախազգուշացրել է, որ հարցաքննության բովանդակությունը նախաքննական գաղտնիք է, և չեմ կարող այն հրապարակել։ Միայն կարող եմ ասել, որ պատմել եմ այն ամենը, ինչ տեսել եմ իմ աչքով»,- ասաց Ջալալյանը։

Հիշեցնենք նաև, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: