ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Մայիսի 10-ին տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 80 ուղևոր։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին տեղեկացրել են, որ Հայաստանից չվերթով Կիև է մեկնել 80 ուղևոր, որից 51-ը Ուկրաինայի քաղաքացի է:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Կիև» առանձին հսկիչ անցագրային կետի սահմանապահներն իրականացրել են ջերմաստիճանային սքրինինգ և ուղևորների առողջական վիճակի հարցում:
Ժամանողների մեջ չեն եղել բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձիք: Այս չվերթների ուղևորները կարանտին անցնելու համար ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:
Պարբերականը հիշեցնում է, որ սա Երևանից արդեն երրորդ հատուկ չվերթն է: Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել էր Կիև-Երևան-Կիև չարթերային չվերթ, որը երկու երկրից մոտ 300 քաղաքացու էր տեղափոխել:
SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին իրականացրել էր Կիև-Երևան-Կիև չարթերային չվերթ, որով Կիևից տեղափոխել էր 62, իսկ Երևանից՝ 92 ուղևորի։