Նայե՛ք Ազգային ժողովին ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

արտակ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ «Դատարկամիտ քաղաքական հարաբերություններ» խորագրով անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին:

«Ինչպես և կանխատեսում էինք, թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության:

Ոչ միայն դատարկության, այլ նաեւ գաղափարա-քաղաքական բոմժության: Այն, որ Նիկոլակենտրոն իշխանափոխությունը ծառայեցվում է ազգային-ավանդական արժեքների հետեւողական ոչնչացմանը՝ նույնիսկ ոզնիներին է հայտնի:

Նիկոլը Փաշինյանը եւ «Իր քայլը» մեծամասնությունն ակնհայտորեն չունեն որեւէ հայտարարված գաղափարախոսություն: Ավելին, նրանք հայտարարությամբ մերժել են «իզմեր» ունենալը: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ: Որովհետեւ դա վերապահված չէ իրենց, այլ հանդիսանում է այսպես կոչված հեղափոխության «տերերի» մենաշնորհը: Նրանք են որոշում, թե ե՞րբ եւ ի՞նչ պետք է անի իշխանությունը: Իսկ այնտեղ, որտեղ պետք է ձեւավորվեն քաղաքական գաղափարներն ու օրակարգերը՝ կլինի մեծ դիմակահանդես-շոու:

Նայե՛ք Ազգային ժողովին ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը: Եթե յուրաքանչյուր պառլամենտում սովորաբար լինում են շուների համար պահվող մեկ-երկու հատուկ պատգամավորներ, որոնք պետք եղած պահին շեղում են ուշադրությունը, ապա մեր պառլամենտում բոլորն են զբաված այդ հարցով (բացառությամբ մի քանիսի, որոնք որևէ եղանակ չեն փոխում): Իսկ այդ ընթացքում սահուն կերպով ոտնահարվում են հայ մարդու ինքնության եւ զարգացման գաղափարական-արժեքային հենասյուները»,-գրել է Զաքարյանը: