Հայաստանը «տնային բուժման» դեռ չի անցել․ ասիմպտոմների մի մասը բուժվում է հյուրանոցներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News  

կորոնավիրուս

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մի մասը, որոնց մոտ վիրուսը ասիմպտոմ կերպով է արտահայտնված, բուժօգնություն են ստանում հյուրանոցներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը կարող է հիվանդանոցային մահճակալային բուժում ապահովել մոտ 1700 պացիենտի համար: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2042 է: Սակայն խոսնակի խոսքով՝ այս պահին առկա մահճակալային ֆոնդը դեռ բավականացնում է հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ապահովելու համար, քանի որ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվում են հյուրանոցներ: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել էր նաև տնային պայմաններում բուժման անցնելու տարբերակի մասին: Նա նկատել էր, որ դեպքերի զգալի մասը չի պահանջում բուժում կամ պահանջում է բուժում՝ տնային պայմաններում, և արդեն բազմաթիվ երկրներ անցել են այդ ռեժիմին: Նախարարը նշել էր՝ Հայաստանը ձգտում է դրան չհասնել, անել այնպես, որ բոլոր հնարավոր դեպքերը բուժեն առնվազն հյուրանոցային պայմաններում կամ հիվանդանոցային պայմաններում, եթե ունեն ստացիոնար բուժօգնության կարիք:  Թորոսյանի խոսքով՝ այնուամենայնիվ տնային պայմաններում «բուժման»  համար հատուկ դեղորայքի կարիք չկա, պետք է ընդամենը շատ հեղուկ օգտագործել, խմել ջերմիջեցնող: Սակայն Նիկողոսյանի խոսքով՝ այս պահին դրա մասին խոսելը դեռ վաղ է, տնային պայմաններում «բուժում»  դեռ չի իրականացվում: 

Աղբյուրը՝ «Արմենպրես»։