Արտակարգ դրությունը չենք կարող վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմը պետք է մեղմացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 13-ին, շրջեց Երևանի կենտրոնում և շփվեց քաղաքացիների հետ։ Փաշինյանը նկատեց, որ քաղաքացիների հետ քննարկումների արդյունքում պարզվում է՝ մի մասը պահանջում է առանց դիմակի փողոց դուրս գալու համար տուգանքներ և խստացումներ լինեն, մյուս մասը պահանջում է, որ հասարակական տրանսպորտը գործի և սահամանփակումներ չլինեն։ 

Փաշինյանը նշեց, որ հակահամաճարակային կանոններ պահպանելն իր համար նաև գաղափարախոսական հարց է և պետք է յուրաքանչյուր անհատ պատասխանատվություն կրի այս հարցում՝ հավելելով, որ առանցքային գործոնը շարունակում է անհատական պատասխանատվությունը մնալ․ 

«Իրավիճակի լուծումը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես, սիրելի՛ քաղաքացի։ Այս կորոնավիրուսի հետ առնվազն դեռ մեկ տարի պիտի ապրենք և պիտի ապրենք, ոչ թե՝ տառապենք, գոյատևենք և ընկնենք ճգնաժամի մեջ», - նշեց Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ սահմանափակումների հարցում բանաձևեր չկան, բոլոր երկրներում շփոթվածություն կա միջոցառումների հարցում, ինչը բավականին բարդ թեմա է, որովհետև ունի սոցիալական, քաղաքական, տնտեսական բաղադրիչներ։

Փաշինյանը նաև անդրադարձավ արտակարգ դրության հարցին՝ նշելով․ 

«Արտակարգ դրությունն այս փուլում չենք կարող վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի։ Մեր ռազամավարությունը պետք է լինի ոչ թե մարդկանց տներում փակելը, այլ, որ մարդիկ պահպանեն հակահամաճարակային կանոնները»։