Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտպանը պահանջում է վերացնել կալանավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

բեգլարյան

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով վերացնել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է պաշտպան Հրանտ Անանյանը։

Ավելի վաղ հայտնի էր, որ Գագիկ Բեգլարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտը Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր, իսկ այդ որոշման դեմ փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր։