ԿԲ-ն հրապարակել է, թե Հայաստանում որ ոլորտներն են առավել շատ տուժել համավարակի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

կբ

Կենտրոնական բանկը տարածել է ապրիլի 28-ին տեղի ունեցած խորհրդի նիստի արձանագրությունը, որտեղ քննարկվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության հարցը։

Նիստին մասնակցել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Մարտին Գալստյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:

Խորհրդի նիստում քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները` աշխարհում դեռևս պահպանվող համավարակի, դրա կանխման ու հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև տնտեսության վերականգնման նպատակով իրականացվող ծրագրերի ազդեցությունների գնահատման համատեքստում:

Արձանագրվել է, որ 2020 թվականի մարտին գրանցվել է 0.5% գնաճ, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է, սակայն դեռևս մնում է բավականին ցածր՝ ամսվա վերջին կազմելով -0.1%: Ամսվա ընթացքում հիմնականում աճել են «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գները. մասնավորապես դիտվել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.4% և 6.4% աճ, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է 0.6 տոկոսային կետ:

Մարտին այս ապրանքախմբում նվազում է արձանագրվել ձվի և մսամթերքի գների մասով՝ համապատասխանաբար 7.5% և 1.2%: Մարտին ոչ պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով: Մարտին 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 0.5%:

Խորհուրդը քննարկել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները, որոնց համաձայն 2020 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը դեռևս պահպանվել է դրական մակարդակում՝ կազմելով 4.0%, ի հաշիվ հունվար և փետրվար ամիսներին արձանագրված բարձր ցուցանիշների:

Մարտին արդեն, պայմանավորված կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հետևանքներով, տնտեսության բոլոր ճյուղերում նկատվել է ակտիվության անկում, բացառությամբ գյուղատնտեսության ճյուղի, որը համեմատաբար ավելի քիչ է տուժել՝ պահպանելով հունվար-փետրվար ամիսների դրական միտումները: Համավարակից առավել տուժած ոլորտներն են շինարարությունը, կացություն և հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունները և սպասարկման այլ ծառայությունները:

Առաջին եռամսյակի փաստացի զարգացումները վկայում են այն մասին, որ տնտեսական աճը բավականին ցածր կլինի Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի բազային սցենարով նախանշված ցուցանիշից՝ առավելապես պայմանավորված շինարարության ճյուղի՝ սպասվածի համեմատ ավելի մեծ անկմամբ:

ԿԲ-ից նշում են նաև, որ տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցությունները պայմանավորված են թե՛ առաջարկի և թե՛ պահանջարկի գործոններով, ինչի հետևանքով առաջիկա ամիսներին ակնկալվում է զգալի տնտեսական անկում: Տարվա երկրորդ կեսին տնտեսական աճն աստիճանաբար կսկսի վերականգնվել, սակայն համախառն պահանջարկը, անգամ պետբյուջեի փոփոխված ծրագրով նախատեսված հարկաբյուջետային զգալի խթանման պարագայում, դեռևս թույլ կմնա:

Խորհուրդն անդրադարձել է արտաքին հատվածի զարգացումներին և ներկայիս առողջապահական ճգնաժամի հետևանքով պահպանվող անորոշություններին, որոնց պարագայում համաշխարհային տնտեսության վերաբերյալ կանխատեսումները՝ Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի համեմատ շատ ավելի վատատեսական են։

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Համաշխարհային տնտեսության հեռանկարների ապրիլյան զեկույցի` 2020 թ-ի համար կանխատեսվում է համաշխարհային տնտեսական աճի -3.0% մակարդակ, սակայն հաշվի առնելով այն հիմնական ենթադրությունը, որ համավարակը 2020 թ-ի երկրորդ կեսի ընթացքում կսկսի չեզոքանալ, ակնկալվում է, որ արդեն 2021 թ-ին համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի և աճը կկազմի 5.8%։ Ընդ որում, ՀՀ գործընկեր երկրներում նույնպես սպասվում է, որ 2020 թվականին կգրանցվի խորը տնտեսական անկում՝ նույն վերականգնման հետագծով:

Մակրոտնտեսական ստեղծված իրավիճակում միջազգային ապրանքահումքային շուկաներում պահպանվում են անորոշություններն ու ռիսկերը, որոնց պայմաններում, գների տատանողականությունը հարթելու և տնտեսական աճի վերականգնմանը նպաստելու համար, աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են իրականացնել խթանողական դրամավարկային քաղաքականություն։

Խորհուրդը ԿԲ ակտիվ գործողությունների ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումների վրա գնահատել է բավականին արդյունավետ, քանի որ դրանց շնորհիվ հաջողվել է չեզոքացնել շուկայի տարբեր հատվածներում մարտի կեսից դիտված լարվածությունն ու ճնշումները: Այդ նպատակով ԿԲ-ն իր հիմնական գործիքի միջոցով ամբողջությամբ բավարարել է ֆինանսական շուկայում դրամային իրացվելիության աճող պահանջարկը, ինչի արդյունքում սկզբնական շրջանում աճ արձանագրած եկամտաբերությունը վերադարձել է հին դիրքին և կայունացել:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը միակարծիք էր, որ թե՛ ամբողջ աշխարհում և թե՛ Հայաստանում մեծ են անորոշությունները կորոնավիրուսի համավարակի տարածման և դրա կանխմանն ուղղված արտակարգ իրավիճակի պահպանման տևողության առումով:

Նման իրավիճակն իր հերթին բացասաբար է անդրադառնում տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման գործընթացի վրա: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները և կարճաժամկետ հատվածում թույլ համախառն պահանջարկի պահպանման գնահատականները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով:

Խորհուրդը նաև գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կանխատեսվող հորիզոնում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն դրա վերջում:

Խորհուրդը քննարկել է նաև առկա գնաճային ռիսկերն ու տնտեսական զարգացման անորոշությունները, որոնք գնահատվում են բավականին բարձր: Սակայն  գերակշռում են կանխատեսված հետագծից գնաճի շեղման ներքևի ուղղությամբ ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։