Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News  

Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մայիսի 12-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակիցները համատեղ շրջայցի ժամանակ, ստուգման նպատակով, Շնող համայնքի վարչական տարածքում կանգնեցրել են նույն գյուղի երկու բնակիչների «ՈՒԱԶ» մեքենաները։

Մեքենաներում հայտնաբերվել է 1-ական խմ փայտանյութ։ Վարորդները հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնել են, որ փայտանյութը պատկանում է իրենց, նույն օրը Թեղուտի անտառից հատել են հաճարենի և բեզնասղոցով կտրատել են քամատապալ ծառեր։

Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: