Երևանում ճամփա չզիջելու համար երիտասարդները վիճել են, իրար հարվածել քարով, ձողով, մուրճով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ծեծ

Մայիսի 13-ին՝ ժամը 21.14-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում լինգով իրար են ծեծում:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ին Լուկաշինի փողոցի 1-ին շենքի մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդ, այնուհետև վեճին միացել են նրանց ընկերները: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, ինչը զուգորդվել է իրար նկատմամբ բռնություն գործադրելով՝ քարով, մետաղյա ձողով և մուրճով փոխադարձ հարվածներ հասցնելով։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել երկու քաղաքացի։

Ժամը 23.00-ին Մաշտոցի ոստիկանները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել չորս երիտասարդի։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: