«Հայ Գյուլենից նամակ՝ հայ պատրիարքին». Փայլանը գրավոր հարցում է հղել Թուրքիայի խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

փայլան

Թուրքական «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված «FETÖ-ի ճյուղերը» հոդվածում թիրախավորվել են կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդները։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի հունական, հրեական և հայկական համայնքները գրավոր հայտարարությամբ դատապարտել են «խոսքի ազատության» անվան տակ խտրականության այդօրինակ դրսևորումը։

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցում է հղել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։

Փայլանի հարցերը Թուրքիայի փոխնախագահին հետևյալն են․

1․ «Gerçek Hayat» ամսագրի «FETÖ»-ի վերաբերյալ հատուկ հրապարակումների շարքում մեր երկրի փոքրամասնությունները ատելության խոսքերով են թիրախավորվել․ դուք դրա մասին իմացե՞լ եք։ 

2․ Չե՞ք մտածում, որ Թուրքիայի նախագահի և իշխանամետ լրատվամիջոցների կողմից պարբերաբար օգտագործվող ատելության խոսքը կարող է կրկին ատելության հիմքով այնպիսի հանցագործությունների հանգեցնել, ինչպիսիք են Հրանտ Դինքի, կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանտորոյի սպանությունները և «Zirve» հրատարակչատան վրա կատարված հարձակումը։  

3․ Մի՞թե կառավարության բոլոր անդամները չեն մասնակցել գյուլենական համայնքի միջոցառումներին, որ ամսագիրը փոքրամասնություններին է մեղադրում դրանց մասնակցելու մեջ։

4․ Խտրականություն և անբարոյականություն չէ՞, որ այսօր Գյուլենին «հայ» եք անվանում, մինչդեռ Էրդողանի հետ քայլելիս ձեր իշխանությունը նրան  «Պատվավոր հոգևոր ուսուցիչ» էր կոչում։ 

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ «Gerçek Hayat»-ի «վարկաբեկիչ» հոդվածում շոշափվել է Պոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի և Թուրքիայի հունական, հրեական համայնքների հոգևոր առաջնորդների անունները։ 

Հոդվածում պնդում է արվում, որ Գյուլենի հայր Ռամիզը հայ է, իսկ մայրը՝ հրեա։ Օգտագործվել է այնպիսի ատելության խոսք, ինչպիսին է․ «Հայ Գյուլենից նամակ՝ հայ պատրիարքին»։