Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը 2 փորձագետի կարիք ունի. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

դատ

2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտնում նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա անցկացվելու են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով բաց մրցույթներ: Մրցույթներն անցկացնելու է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը, որի կազմում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքի 1-ին հոդվածի հիման վրա պետք է ընդգրկվեն ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող երկու փորձագետ: Փորձագետները նշանակվում են ՀՀ գլխավոր դատախազի կողմից՝ հասարակական հիմունքներով:

Նկատի ունենալով վերոնշյալը, հաշվի առնելով գործընթացը հնարավորինս հրապարակային իրականացնելու կարևորությունը և մրցակցության հիման վրա օրենքով նախատեսված չափանիշներին համապատասխանող երկու փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը՝ հայտարարվում է, որ ցանկություն հայտնող անձինք կարող են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով հետևյալը փաստաթղթերը.

1. Դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին,

2. Անձը հաստատող փաստաթուղթ,

2. Ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական  և ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում իրականացրած գործունեության նկարագրությամբ),

3. Փորձագետ ներգրավվելու ցանկության համառոտ հիմնավորում,

4. Ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառությունը հավաստող փաստաթուղթ:

Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. մայիսի 21-ը ներառյալ:

Փաստաթղթերը ներկայացվում են [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված: Փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ նույն էլեկտրոնային փոստի հասցեով: Փաստաթղթերը թերի լինելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում՝ դիմումատուին այդ մասին ծանուցելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Փորձագետների նշանակման համար նախապատվությունը տրվում է մասնագիտական և ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում առավել մեծ փորձառություն ու հեղինակություն ունեցող անձանց:

Արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ դատախազության պաշտոնական www.prosecutor.am կայքում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 511-541, 511-698, 511-538: