Վանաձորում 2 անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը բացահայտվել է. կա կալանավորված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ձերբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում կատարված սպանության փորձը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ:

2020 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ  նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել էին ձախ թիակի բազմաբեկորային կոտրվածքի, գլխի ծոծրակային շրջանի, կրծքավանդակի հետին մակերեսի չթափանցող, ձախ ուսահոդի և պարանոցի հետին մակերեսի հրազենային կոտորակային կույր վնասվածքներ, իսկ մյուսին՝ կրծքավանդակի և որովայնի առաջային մակերեսների կույր թափանցող, ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային կոտորակային, ձախ ծղիկոսկրի կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հետագայում շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է, 34 տարեկան:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 34-ամյա բնակիչը, իր ծանոթների հետ, որոնց ինքնությունը քննությամբ դեռևս պարզված չէ, 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Առափնյա-Ներսիսյան փողոցների խաչմերուկում տեղակայված ավտոլվացման կետին հարակից տարածքում, նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպել է նույն քաղաքի երեք բնակիչների և նրանց ընկերների հետ, որի ժամանակ կողմերի միջև վիճաբանություն է ծագել: Այնուհետև, վիճաբանության ընթացքում, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ իրական վտանգի տակ դնելով վիճաբանությանը ներկա գտնվող անձանց կյանքը:

Արձակված կրակոցների հետևանքով ներկա գտնվող անձանցից մեկի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, և մեղադրյալը կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրանք տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն և ստացել համապատասխան բուժօգնություն:

Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը, որը հետախուզվում էր վերոհիշյալ հանցագործությունը կատարելու մեղադրանքով, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: