2-րդ հարկից ընկած, ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

 

1

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն։

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան:

ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմանում Վանաձորի Տիգրան Մեծի 44 շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել:

Երեխային շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել են Երևան: Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային: