ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակում 30 վերամշակողների կտրամադրվեն դրամաշնորհներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

էկոնոմիկա

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 30 բիզնես-հայտեր: Մրցույթին հաղթող ճանաչված վերամշակող կազմակերպություններին համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհներ՝ արտադրական կարողությունները զարգացնելու և արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:

Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը հանդիպել են շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  

Արման Խոջոյանի խոսքով՝ դրամաշնորհների տրամադրման նպատակն է զարգացնել և հզորացնել ծրագրին մասնակցող տնտեսվարողների արտադրական կարողությունները, ինչպես նաև բարելավել սննդի անվտանգության պայմանները՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: 

«Մենք նախատեսում ենք ևս մեկ փուլ անցկացնել, արձագանքելով ստեղծված իրավիճակին, և առնվազն 20 կազմակերպություններ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան պայմանների բարելավման դեպքում դառնալ ծրագրի շահառու», - նշել է փոխնախարարը:

«Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալների ավելացման հարցերում:

Ծրագրի շահառու, կաթի վերամշակմամբ զբաղվող «Կաթնաղբյուր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հակոբյանը նշել է, որ, թեև ներկա իրավիճակով պայմանավորված կաթնամթերքի շուկայում իրացման նվազում է նկատվում, սակայն այդ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում և տրամադրված գումարով ընկերությունը նախատեսում է ձեռք բերել նոր սարքավորումներ՝ արտադրական ծավալներն ավելացնելու նպատակով:   

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված  գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին: