Դիմակի համար ամսվա կտրվածքով 18֊30 հազար դրամ է պետք. Աբովյանն առաջարկում է իջեցնել գինը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Արման

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով 1 մարդու՝ դիմակի համար ամսվա կտրվածքով անհրաժեշտ գումարը:

««Ժողովո՛ւրդ ջան, ինչպես հայտնի է, պարետատունը որոշում է ընդունել, որ մայիսի 25-ից դրսում և փակ տարածքներում բոլոր մարդիկ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Հիմա մի քանի շատ կարևոր դիտարկումներ։

Ես չեմ քննարկում դիմակ և ձեռնոց կրելու անհրաժեշտությունը, քանզի քաջ գիտակցում եմ, որ երկրում մոլեգնում է համաճարակ, և միգուցե այս պահանջը տրամաբանական է, սակայն այս պարագայում պետք է հասկանալ մի քանի նրբություններ։

Տեսեք, պաշտպանիչ դիմակը արժի միջինը 150֊250 դրամ, ձեռնոց 50֊100 դրամ+ գոյություն ունի բժշկական ցուցում, ըստ որի՝ թե՛ դիմակը, թե՛ ձեռնոցները ՉԻ ԿԱՐԵԼԻ կրել երեք ժամից ավել։

Հիմա պարզ հաշվարկ. ենթադրենք` մարդը տանից միջինը բացակայում է, օրվա ընթացքում 10 ժամ (8 ժամ աշխատանքի վայրում, մի երկու ժամ տուն հասնել, առևտուր՝ խանութում կամ սուրճ է ըմպում ընկերների հետ սրճարանում, մի խոսքով, հասկացանք, թե ինչու 10 ժամ)։

Հիմա ստացվում է, որ մարդը պետք է նվազագույնը երեք անգամ օրվա ընթացքում փոխի իր դիմակ֊ձեռնոցները, փաստորեն, օրը հավելյալ ծախսի 600֊1000 դրամ, ամսվա կտրվածքով ստացվում է 18֊30 հազար դրամ միայն մեկ մարդու հաշվարկով, իսկ եթե ընտանիքում աշխատում են 2֊3 մարդ,ապա ծախսերը, բնականաբար, կրկնապատկվում և եռապատկվում են։

Կներեք հազար անգամ, բայց պատկերացնում եք` ինչ լուրջ ծախսեր են գոյանալու մարդկանց մոտ, այն էլ այս «նեղ մաջալին»։

Կասեք` դե ինչ խնդիր է որ, թող մի դիմակով յոլա գնա մարդը օրինակ մի քանի օր... շտապեմ այս դեպքում հիասթափացնել, որ եթե երեք ժամից ավել կրել դիմակ, ապա իմաստը կկորչի, քանզի դիմակը աղտոտվում է և, ասեմ ավելին, դառնում է նույնիսկ ինչ-որ չափով վտանգավոր, քանզի պարզապես դառնում է ձեր դեմքին փակցված տարատեսակ վիրուսների և բակտերիաների «պահեստ»։

Ինչ՞ անել.

1. Պարտադիր օգտագործելով բոլոր վարչարարական լծակները` ստիպել դիմակ ներկրող կամ արտադրող ընկերություներին իջեցնել դիմակների և ձեռնոցների գները, քանզի պետք չէ լինել հանճար հասկանալու համար, որ, օրինակ, դիմակի իրական գինը մի քանի տասնյակ դրամից չի կարող ավել արժենալ։ Կամ եթե օրինակ ներկրողը, այնուամենայնիվ կարողանում է հիմնավորել, որ հասարակ դիմակը կարող է արժենալ 150 դրամ, ապա ինչ-որ մի աջակցության մեխանիզմ կիրառվի, որ, ի վերջո, մարդկանց պաշտպանիչ պարագաները հասնեն ողջամիտ գներով։

2. Անպայման և անխտիր պետությունը պարտավոր է ԱՆՎՃԱՐ ապահովել դիմակներով և ձեռնոցներով սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված մարդկանց (տարեցներ, թոշակառուներ, խրոնիկ հիվանդներ և այլն...):

Այս երկու հարցերը պահանջում են հրատապ լուծումներ, եթե իհարկե պետական մարմինները հետաքրքրված են իրականում դրական շարժ գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում»,-գրել է ԲՀԿ-ական պատգամավորը։