Բանակցությունները չենք շարունակելու այն կետից, որից թողել ա Ս․ Սարգսյանը․ այն ընդունելի չի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 16-ին, առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձավ Լավրովի՝ արցախյան հարցի վերաբերյալ հայտարարությանը և ընթացող բանակցություններին։

«Մենք մեր սկզբունքներն արձանագրել ենք։ Հարց է եղել՝ արդյո՞ք մենք շարունակելու ենք բանակցություններն այն կետից, որ կետում թողել է Սերժ Սարգսյանը, և մենք ասել ենք՝ ոչ, քանի որ այն, ինչ մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չէ։ Պետք չէ փորձել մեզ կաշկանդել, որ մենք բանակցային սեղանի շուրջ չխոսենք և չլսենք», - նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տարբեր տեսակետներ կան ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ։ Նա նշեց, որ փաթեթային և փուլային տարբերակները պետք է պարզաբանվեն դեռ։ Այնուհետև վարչապետը հայտնեց, որ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հին փաստաթղթից իրենք հրաժարվել են։