Տրանսպորտում կանգնած ուղևոր չպետք է լինի. կանոնները խախտողներին ոստիկանները կկանգնեցնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Հայկ

Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Տեղյակ եք, որ ՀՀ պարետի որոշմամբ տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը:

-Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաեւ վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղեւորափոխադրող ընկերությունը:

Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:

Վստահ եմ, որ երևանցիները կդրսևորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետեւեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթեւեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար:

Խնդրում եմ, ներողամիտ լինել ժամանակավոր անհարմարությունների համար՝ այն գիտակցությամբ, որ այս միջոցառումներն արվում են հանուն հանրային առողջության ու անվտանգության պահպանման:

Առո՛ղջ եղեք»,-գրել է Մարությանը: