Ամուլսարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 30, 24News

Thumbnail

ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմինների  ղեկավարի համաձայնագրերի հիման վրա «Լիդիա Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքները ներկայացնող փաստաթղթերը։ Արդյունքներն իրենցից ենթադրում են ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ կազմված փաստաթղթեր։ Նշված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր: 

Մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմանների շեղումներով, ապօրինի, առանց ըդերքօգտագործման իրավունքի շուրջ 3 հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-10 մետր խորությամբ տարհանվել է բազալտանման լեռնային զանգված և 2  հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-8 մետր խորությամբ՝ կավանման լեռնային զանգված: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ շուրջ 18 միլիոն դրամի վնաս: 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով: 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:  

Ծանուցում.   ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս