ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

համ.

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյա Իզզաթ ալ Ռաշիքը հայտարարել է, որ Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի հրադադարի շուրջ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Կատարը և Եգիպտոսը փորձում են հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի, սակայն համաձայնության հասնելու հույսերը նվազել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը մայիսի 5-ին կրկնեց իր պահանջը՝ պատանդների ազատման դիմաց վերջ դնել պատերազմին, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացառեց նման հնարավորությունը, հավելում է Reuters-ը։

Միևնույն ժամանակ Ռաֆահում գտնվող պաղեստինցիները սկսել են տարհանվել, մի մասը՝ մեքենաներով, մյուսները՝ սայլերով, ոմանք էլ՝ ոտքով։ Նրանցից շատերն արդեն իսկ առնվազն մեկ անգամ տեղահանվել էին 7 ամիս տևող հակամարտության ընթացքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսրայելի բանակը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի արևելքում գտնվող պաղեստինցիներին տարհանվելու հրահանգ է տվել՝ հայտնելով, որ շուտով ռազմական գործողություն է սկսելու «տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ»։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհվել է ավելի քան 34 600 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 77 000-ը։

--00—ԼՀ