Կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակում չի կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

մանե

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել, և որ սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնող ցանկացողներ, այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման և հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,-գրել է Մանե Գևորգյանը:

--00—ԼՄ