ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են համագործակցության հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Բադասյան

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 18-20-ը Ռուստաստանի Դաշնությունում է՝ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Միջոցառումից առաջ Ռուստամ Բադասյանը մայիսի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին։

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հրավերի և հանդիպման համար, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին ու Կառավարությանը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման համար ներդրված ջանքերի համար։

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումները՝ ուղղված քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների բոլոր գործընթացների, սնանկության, դատական ակտերի կատարման ոլորտների, նոտարական ծառայությունների թվայնացմանը, այնուհետ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ համագործակցությամբ՝ ուղղված ԱՊՀ շրջանակում փաստաթղթաշրջանառության միասնական հարթակի ստեղծմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում փորձի փոխանակմանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

--00—ՄՀ