Հայաստանը կարևորում է եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Կառավարություն

Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, որը կարող է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, տարածաշրջանային կայունության և երկարատև  խաղաղության հաստատման խթան դառնալ։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ. գործունեության ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում:

«Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և  համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։ Եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեկնարկի համար: Այդ նպատակով Կառավարությունը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել:

Միաժամանակ Կառավարությունը կարծում է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի՝ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին հայտարարության և դրանից բխող հետագա պայմանավորվածությունների, այդ թվում՝ բոլոր գերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձնելու պայմանի չկատարումը, ի հավելումն հումանիտար և միջազգային իրավական խնդիրների, առաջացնում է անկայունություն և նոր վտանգներ։

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններն ու նկրտումները, ուժի կիրառման սպառնալիք պարունակող ռազմաշունչ հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով առաջացած ճգնաժամի լուծման ուղիների վերաբերյալ Կառավարությունը հանդես է եկել հրապարակային առաջարկներով և միջոցներ է ձեռնարկելու այդ առաջարկությունները իրագործելու ուղղությամբ»,- նշված է ծրագրում:

--00--ԱԹ