Սպանություն Գյումրիում․ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

 

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախօրեին Գյումրիում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ:



Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքի Աթարբեկյան փողոցից կտրած-ծակած վնասվածքներով, կենսաբանական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987թ. ծնված բնակիչ։ 



Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, գլխարկ, ծխախոտի գլանակ, իսկ դիակի զննությամբ՝ գլխի ձախ ճակատային, մեջքի գոտկային, աջ նստատեղի վերին և աջ ազդրի դիմացի հատվածներում կտրած-ծակած վնասվածքներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:



Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, ենթարկվել զննության: 

Նախաքննությունը շարունակվում է:  

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ 

հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: 

 

--00—ՄՀ