ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Շուշիի շրջանի Եղցահող գյուղում սննդամթերքի, դեղորայքի խնդիր չկա, Գորիսից անհրաժեշտը ձեռք է բերվում, գյուղում չի գործում ապրանքի տրամադրման կտրոնային համակարգ։ Այս մասին 24News-ին ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
«Մենք շարժ ունենք, Գորիսի հետ կապ ունենք, գնում-գալիս ենք»,- ասաց գյուղապետը։ Ինչ վերաբերում է գազամատակարարմանը, ապա Հակոբյանն ասաց, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շինարարության ժամանակ ապամոնտաժվել էին գազի խողովակները, մինչև Բերձորի (Լաչին) միջանցքի փակումը գազամատակարարումն ապահովելու ուղղությամբ աշխատանքները սկսել էին արդեն։
Իսկ էլեկտրաէներգիայով գյուղն ապահովվում է հովհարային անջատումներով, ինչպես Արցախի մյուս հատվածներում։ «Ջեռուցման հարցը լուծվում է վառելափայտով, բնակիչները նաև գազի բալոններ են օգտագործում։ Գորիսում լիցքավորում են ու բերում»,- եզրափակեց Եղցահողի ղեկավարը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ