Թովմասյանի պաշտոնազրկումը հաշվեհարդար է, նախկինում ԵՄ դեսպանը մազերը կպոկեր, եթե նման բան լիներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

q

«Քաղաքացիական պայամանագիրն» այսօր Թագուհի Թովմասյանին հեռացրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Կողմ են քվեարկել 62 պատգամավոր, մեկը` դեմը, մեկ քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը և բոյկոտեցին խորհրդարանի նիստը։ Նշենք, որ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», թե՛ ընդդիմադիր երկու դաշինքներն արդեն հայտարարել են, որ թափուր պաշտոնի թեկնածուներ չեն առաջադրելու։

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելուն, վստահաբար նշում է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, քաղաքական հաշվեհարդար է․ «Էստեղ երկրորդ կարծիք անգամ լինել չի կարող, ես կարդացել եմ այն հիմնավորումը, որով այսօր Թագուհուն զրկեցին պաշտոնից, բայց այդ հիմնավորումը իր «իդիոտիզմով» որևէ կերպ չէր տարբերվում այն չակերտավոր հիմնավորումից, որ բերեցին 2021 թվականին՝ Նոր տարուց 2 օր առաջ, ափալ-թափալ դեկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրեցին, որպեսզի ինձ զրկեն Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նույն իդիոտիզմը, ապուշությունը որևէ հիմնավորում չկար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով, ո՛չ ԱԺ կանոնակարգով, ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ                          «Պատագամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱԺ օրենքում հանձնաժողովի նախագահի համար իմպերատիվ պահանջ չկա, որ այսքան նիստից՝ այսքանին պետք է մասնակցի՝ չկա՛․ «Սա հստա՛կ հակասահմանադրական և հակաօրինական քայլ էր։ Իմ պարագայում, ես հետո բողոքարկեցի Սահմանադրական դատարանում, կարծում եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներն էլ կբողոքարկեն, բայց ես վստահ եմ, որ արդյունքը լինելու է նույնը։ Նիկոլ Փաշինյանի գրպանում ծվարած Սահմանադրական դատարանը որևէ կերպ չի ընդունելու, որ այս որոշումը հակասահմանադրական է, ինչպես չընդունեց իմ դեպքում»,- ասաց ՀԿ-ի ղեկավարը։

Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ, Թագուհի Թովմասյանը ժամանակին սխալվեց, երբ միասնական չեղավ և իր գործընկերների հետ միասին մանդատը վայր չդրեց․ «Ես ասել եմ ու գտնում եմ, որ Թագուհի Թովմասյանը պետք է վայր դներ հանձնաժողովի նախագահի իր լիազորություններն այն ժամանակ, երբ ընդդիմությունը միասնական որոշում կայացրեց՝ վայր դնել խորհրդարանական ղեկավար մարմնի պաշտոնները, ինձ համար բացարձակ անհասկանալի հիմնավորվամբ ինքը պահեց այդ մանդատը և այսօր ինչ-որ մի ուսապարկ, անհեթեթագույն տեքստ է կարդում, որով, ըստ էության, իրականացվեց հերթական քաղաքական հաշվեհարդարը՝ այլախոհների հանդեպ»։

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը համոզված է, եթե սա լիներ նախկինների ժամանակ, միջազգային հանրությունը պատշաճ կարձագանքեր․«Կրկնում եմ՝ սա հստակ քաղաքական հաշվեհարդար է, և, եթե սա լիներ նախկին իշխանությունների ժամանակ, ապա 3 րոպեից միջազգային բոլոր կառույցները, թե՛ իմ դեպքում, թե՛ Թագուհու դեպքում հստակ կարձագանքեին, ԵՄ դեսպանը մազերը կպոկեր, քաղաքացիական հասարակություն կոչված սորոսական խունտան բոլոր միջազգային ատյաններին բողոք կգրեր, որ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր գործիչների հանդեպ։

Իսկ այսօր մենք այնպիսի վակուումում ենք, որ քաղաքացիական հասրակությունը Նիկոլ Փաշինյանի գրպանի կցորդն է, միջազգային կառույցներն էլ քանի որ յուրաքանչյուրն ունի իր աշխարհաքաղաքական շահը՝ իրենք բաց աչքերով, բայց անտարբեր, իրենց լանչի մառոլը որոճալով նայում են, թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում ժողովրդավարությունը։ Եվ այն տոտալ բռնապետությունը, որ այսօր հաստատվում է Հայաստանում, սա տեղի է ունենում «ժողովրդավարության արժեքներ» դավանող միջազգային հանրության ծափահարությունների և լուռ համաձայնության ներքո»,- եզրափակեց Զոհրաբյանը։

 

--00—ԱՊ