Արմեն Աբազյանն ընդունել է «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներին․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ֆգ

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները շաբաթ օրը հանդիպել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասացին հանդիպմանը ներկա ծնողները։

«Ի սկզբանե Աբազյանը չընդունեց, Սանամյանի տեղակալ՝ Խաչատրյան Աշոտը ընդունեց։ Իր հետ 2 ժամ խոսեցինք, բայց հասկացանք, որ ոչինչ չի ասում, ու ուղղակի ժամանակ են ձգում, Աբազյանը մեզ չի ընդունելու։ Մեր ձայնը բարձրացրինք, ասացինք՝ լրագրողներին կկանչեք ու իրենց ներկայությամբ կասենք, որ ստախոս եք ու ոչ մի բան չեք անում, ու դուք էլ ձեր հերթին խաբեցիք։ Դրանից 15 րոպե հետո մեզ Արմեն Աբազյանն ընդունեց»,- մանրամասնեց անհետ կորածի ծնողը։

Ծնողների խոսքով, ԱԱԾ տնօրենը խոսք է տվել ամեն բան անել և անձամբ հետևել գործի ընթացքին․ «Աբազյանը խոստացավ մինչև սեպտեմբերի 15-ը մեր բարձրացրած հարցերին պատասխանել»։ Անհետ կորածների ծնողները Աբազյանից հետաքրքրվել են, թե ինչու՞ է իրենց դատերը ձգվում և ինչու՞ է մինչ այս պահը Մակարյան Անդրանիկը ազատության մեջ․«Աբազյանն անձամբ խոստացավ ու ասեց՝ «Ես ձեզ խոստանում եմ՝ ինքը դատվելու ա»։,- մանրամասնեց ծնողը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ԴՆԹ-ներին․ «ԱԱԾ տնօրենը նշեց՝ պահանջել է, որ ԴՆԹ-ի պատասխանը մի օրինակը՝ ծնողներին տան, մեկը՝ իր մոտ, պարզաբանելով, որ հնարավոր է ծնողին համոզեն, ասեն՝ Ձեր որդին է, բայց իրականում այդպես չլինի՝ այդպիսով խուսափելով հետագայում այս թեմայի վերաբերյալ բողոքներից ու նույն իրավիճակում չհայտնվելուց»,- ասաց «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողի ծնողը։

Ըստ քննարկմանը մասնակցած ծնողների ներկայացրածի՝ Արմեն Աբազյանը նաև նշել է․ «Հասնում ենք վերջին, էսքան համբերել եք մի քիչ էլ համբերեք , ձուկը գլխից ա հոտած, հասել ենք պոչին»,- ասաց ծնողը հավելելով, որ իրենք ելք էլ չունեն, ուզեն, չուզեն՝ պիտի հավատան։

Նշենք նաև, որ, երբ ծնողները 2 ժամ սպասել են Արմեն Աբազյանին ու հասկացել, որ հնարավոր է չգա, զարյացել են, ինչի հետևանքով ներկա ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացրել, նախ Կառավարության շենքի մոտ, այնուհետև ԱԺ-ում, պահանջելով Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում, քանի որ նա է բազմաթիվ անգամներ խոստումներ տվել ծնողներին և չի կատարել, սակայն վերջինս չընդունեց ծնողներին։ Նրա փոխարեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր ծնողներին հրավիրել իր սենյակ խոսելու, հենց այդ օրն էլ ծնողների ներկայությամբ կապվել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և պայմանավորվել, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողներին ընդունի։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ