Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը խոսել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

photo_2023-08-23_13-49-33

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ` համոզմունք հայտնելով, որ նա կգործադրի առավելագույն ջանքեր երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ դեսպանը շատ ակտիվ է սկսել իր գործունեությունը, ինչը հավաստում է մեր երկրի մեծ բարեկամը լինելու փաստը: Ի պատասխան դեսպանը նշել է, որ ի պաշտոնե իր առաջին այցը եղել է Սյունիքի մարզ, ինչը կարեւոր հաղորդագրություն է պարունակում: ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Ֆրանսիան այսօր Հայաստանի հուսալի գործընկերն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությանը եւ հուլիսի 10-13-ը ՀՀ ԱԺ նախագահի Փարիզ կատարած աշխատանքային այցին:

Զրուցակիցները մանրամասներ են բարձրաձայնել տարածաշրջանի անվտանգային իրավիճակից եւ կարծիքներ փոխանակել Լաչինի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի շուրջ:

Երկուստեք պատրաստակամություն է հնչել հետագա փոխգործակցության շարունակականության մասին:

--00—ՅՄ