Սարսափելի անհանգիստ ենք մեր հոր առողջության վատթարացման համար․ Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

գգ

Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է արել․

«Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հաստատել է, որ նրան վերջապես թույլատրել են խոսել կնոջ՝ Վերոնիկայի հետ: Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ ու կառավարություններ են տեղեկանում Պրն․ Վարդանյանի վիճակի մասին։ Ապրիլի 5-ին հացադուլի մեկնարկից գրեթե երեք շաբաթվա ընթացքում նա կարողացել է ընդամենը երկու անգամ զանգահարել ընտանիքին:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքին վերջապես հաջողվել է համոզել նրան դադարեցնել հացադուլը, քանի որ նրա առողջական վիճակը և պահման պայմանները վատանում են: Կարճ զրույցի ընթացքում ընտանիքի անդամները նրան տեղեկացրել են Ադրբեջանի վրա տարբեր երկրների իշխանության ներկայացուցիչների կողմից աճող ճնշման մասին։ Լսելով, որ աշխարհում միջոցներ են ձեռնարկվում գերեվարված հայերին ազատ արձակելու ուղղությամբ, Ռուբեն Վարդանյանը տեղի տվեց ընտանիքի հորդորին և դժկամությամբ համաձայնեց դադարեցնել հացադուլը՝ հանուն հարազատների հանգստության:

«Մենք սարսափելի անհանգստանում ենք մեր հոր առողջության վատթարացման համար, բայց մեզ չի զարմացնում նրա քաջությունը։ Սկզբում մենք հանգստացանք [նրա հետ խոսելուց], բայց այն պայմանները, որտեղ նա պահվում է, գնալով վատթարանում են: Ադրբեջանին հասկացրել են, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է հայ գերիների, այդ թվում՝ իմ հոր ճակատագրի վրա։

Իմ ընտանիքի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որ աջակցում են մեզ այս դժվարին պահին։ Ես հույս ունեմ, որ ամբողջ աշխարհում աճող հետաքրքրությունը կհանգեցնի նրան, որ նա և մյուս հայ գերեվարվածները շուտափույթ ազատ կարձակվեն։

Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի հասնեն մայիսին Միջազգային դիտորդների ներկայությամբ առնվազն ժամանակին բաց դատական լսումների անցկացմանը» - հայտարարել է Ռուբենի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը։

Ապրիլի 25, 2024

--00—ՍՊ