Իսրայելը մերժել է հրադադարի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ֆֆ

ԱՄՆ-ն շարունակում է լավատես մնալ, որ առաջիկայում հանարավոր է Գազայում հրադադար հաստատել, թեև Իսրայելի վարչապետը մերժել է առաջարկը: Մյուս կողմից, չնայած «Համասը» ընդունել էր հրադադարի նախագիծը, սակայն իսրայելական ուժերը «սահմանափակ գործողություն» են իրականացրել Ռաֆահում, որից հետո պաղեստինյան խմբավորումը հայտարարել է, թե անիմաստ է խոսել զինդադարի մասին, եթե ռազմական գործողությունները շարունակվում են

Մինչ պաղեստինցիներից ոմանք սգում են երեքշաբթի Ռաֆահում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված հարազատների մահը, մյուսները՝ հազարավոր մարդիկ, շարունակում են փախչել՝ Ռաֆահում իսրայելական ցամաքային գործողությանն ընդառաջ՝ մտահոգվելով իրենց ու հարազատների կյանքի համար:

«Այս գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չվերացնենք «Համասը» Ռաֆահի շրջանում ու ողջ Գազայի հատվածում, և մինչև վերջին պատանդը չվերադառնա»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

Հրեական պետության պնդմամբ, Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահ քաղաքում իրականացվող ցամաքային ռազմական գործողության նպատակն է լինելու ճնշում բանեցնել «Համասի» նկատմամբ, թեև վերջինս երկուշաբթի իր համաձայնությունը տվեց հրադադարաի նախագծին։ Իսրայելը պնդում է՝ հրադադարի նախագիծը չի ներառում «Համասի» չեզոքացում, ուստի այն անընդունելի է իր համար:

Զուգահեռաբար՝ Կահիրեում՝ միջոնորդների ներկայությամբ շարունակվում են բանակցությունները Իսրայելի և «Համասի» միջև:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին երեքշաբթի լավատեսություն է հայտնել․ «Երկու կողմերի դիրքորոշումների գնահատումը ցույց է տալիս, որ նրանք պետք է կարողանան լրացնել բացերը, և ամեն ինչ անելու ենք՝ այդ գործընթացին աջակցելու և արդյունքի հասնելու համար»:

Սակայն բազմաթիվ դիտորդներ չեն կիսում Քիրբիի լավատեսությունը։

Պատանդների ազատ արձակման դիմաց հրադադար հաստատելուց զատ, և՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, և՛ «Համասի» առաջնորդ Յահյա Սինվարը ձգտում են պահպանել իրենց քաղաքական ազդեցությունը՝ ասում է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախկին բանակցող Աարոն Դեյվիդ Միլլերը, ով ներկայում Քարնեգի հիմնադրամի աշխատակից է։

«Այս հակամարտությունում սահմանափակ է արտաքին դերակատարների ազդեցությունը, որովհետև երկու կողմի համար հարցը իրենց քաղաքական գոյությունն է, [Յահյա] Սինվարի դեպքում՝ նաև նրա ապրելը»,- նշում է Աարոն Դեյվիդ Միլլերը:

Խաղադրույքները մեծ են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պարագայում, որի նախընտարական արշավը միայն կշահի, եթե Մերձավոր Արևելքում վերականգնվի խաղաղությունը:

«Իմ հանձնառությունը հրեա ժողովրդի անվտանգությանը, Իսրայելի անվտանգությանը և հրեական անկախ պետության գոյության իրավունքին երկաթյա է: Նույնիսկ երբ համակարծիք չենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ինչևէ, «Համասը» ևս զգուշացրել է Իսրայելին, թե զինադադար չի լինի, եթե Ռաֆահում շարունակվեն ռազմական գործողությունները։



Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

--00—ՍՊ