Լյով. «Այո, մենք արժանի էինք մրցաշարից դուրս մնալուն»

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության առաջին սենսացիան Խորվաթիայի ընտրանուց Արգենտինայի հավաքականի ջախջախիչ պարտությունն էր՝ 0-3 հաշվով, սակայն ի վերջո երկու թիմերն էլ դուրս եկան 1/8-րդ:



Իսկ երեկ արձանագրվեց, թերևս, ամենամեծ սենսացիան` Գերմանիայի հավաքականը, հզոր, գերկազմակերպված, ժամացույցի մեխանիզմի պես ճշգրիտ աշխատող, մարզական պրոֆեսիոնալիզմի խորհրդանշան Die Mannschaft-ը 0-2 հաշվով պարտվել է Հարավային Կորեայի ընտրանուն:



Գերմանացիների մարզիչ Յոահիմ Լյովը խաղից հետո խոստովանել է, որ իր թիմն արժանի էր այդ տխուր արդյունքին:



«Իհարկե հիասթափություն է, սա ծանր պարտություն էր: Բայց նախևառաջ մենք պարտավոր ենք շնորհավորել մեր երկու մրցակիցներին, որոնք կշարունակեն պայքարը: Այս մրցաշարում այսպիսի խաղով մենք արժանի չէինք դառնալ չեմպիոն, դուրս գալ 1/8-րդ: Պետք է շնորհավորել նաև հարավկորեացիներին լավ խաղի համար: Այո, մենք արժանի էինք մրցաշարից դուրս մնալուն»,- ասել է Յոահիմ Լյովը:



Կազանի «Արենա» մարզադաշտում հավաքված մոտ 49 հազար ֆուտբոլասերներ տեսան, թե ինչպես է գերմանական հավաքականը փորձում հաղթահարել հարավկորեացիների դիմադրությունը:



Լյովի թիմը 1/8-րդ անցնելու համար պետք է անպայման հաղթեր առնվազն 2 գնդակի առավելությամբ: Այդ պարտադրանքը լրացուցիչ լարվածություն էր հաղորդում գերմանացիներին:



Ժամանակն անցնում էր, նրանք տեղեկություն ստացան, որ Շվեդիան հաղթում է Մեքսիկային, դա էլ ավելի նյարդայնացրեց մարզիկներին:



Իսկ հարավկորեացիները խաղում էին անկաշկանդ, չունենալով 1/8-րդ անցնելու նույնիսկ տեսական հնարավորություն, նրանք պարզապես պատվի համար էին խաղում:



Ավելացված 93-րդ րոպեին Մանուել Նոյերի դարպասի մոտ խառնաշփոթ վիճակում հարավկորեացի պաշտպան Կիմ Յոնգ-վոնը գոլ խփեց, եզրային մրցավարը խաղից դուրս արձանագրեց, սակայն գլխավոր մրցավար ամերիկացի Գեյգեր Մարքը՝ տեսակրկնությունը դիտելուց հետո, հաշվեց դարպասի գրավումը:



Այլևս պարզ էր, որ Գերմանիան պարտվեց: Իսկ 96-րդ րոպեին դարպասապահ Նոյերը՝ վիճակը փրկելու հուսահատ վերջին մղումով նետվեց դեպի հարավկորեացիների տուգանային հրապարակը, լրիվ բաց ու անպաշտպան թողնելով թիկունքը:



Ջու Սե-յոնգն օգտվելով դրանից՝ մոտ 80 մետր հեռավորությունից գնդակն ուղարկեց դեպի գերմանացիների դարպասի, Սոն Յունգ-մինը հասավ գնդակին և «արձակեց հսկողական փամփուշտը»՝ 2-0:



Այդպիսով, Գերմանիայի հավաքականն առաջին անգամ անցած 80 տարիների ընթացքում չհաղթահարեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ծմբային փուլը:



Սա իսկական ողբերգություն է «մանշաֆթի» երկրպագուների համար, նրանցից շատերը երեխաների նման հեկեկում էին:



«Շատ վատ էր, և նրանք արժանի էին այս արդյունքին, շատ վատ էին պատրաստվել, հուսով եմ, նրանք դասեր կքաղեն այս պարտությունից»,- ասել է Բլաես անունով երկրպագուն:



Նշենք, որ գործող չեմպիոնները երրորդ անգամ անընդմեջ դուրս են մնում խմբային փուլում՝ Իտալիան 2010-ին, Իսպանիան 2014-ին և հիմա էլ Գերմանիան:



Այսօր տեղի են ունենում Ճապոնիա-Լեհաստան, Սենեգալ-Կոլումբիա, Պանամա-Թունիս և Անգլիա-Բելգիա հանդիպումները: Հունիսի 30-ից մեկնարկում են 1/8-րդի փուլը: