ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News
Ամանորյա արձակուրդները արտերկրում անցկացնել ցանկացող ռուսաստանցիների համար այս տարվա ամենապահանջված երկիր է դարձել Հայաստանը, ամենից շատ հենց մեր երկիր են նախընտրել ժամանել Ռուսաստանի քաղաքացիները, հայտնում է OZON.travel-ը:
Այս տարվա Ամանորին Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է 68 տոկոսով, իսկ դեպի Երեւան ուղեւորատոմսերի արժեքը նվազել է 5 տոկոսով:
Օնլայն-ծառայության տվյալներով, թեպետ այս տարի դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղեւորատոմսերի արժեքները բարձրացել էին 15 տոկոսով, սակայն, այնուամենայնիվ, Մոսկվան էլ իր հերթին շարունակում է մնալ պահանջված քաղաք՝ Ամանորին այնտեղ այցելելու համար:
Նշվում է նաեւ, որ զգալի նվազել է այցերի քանակն Ամանորին դեպի Թայլանդ, Իտալիա եւ Թուրքիա:
Նշենք, որ Հայաստանի հանդեպ օտարերկրա քաղաքացիների հետաքրքրությունը զգալի աճել է մայիսին երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո, իսկ բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը նախորդ տարեվերջին «Տարվա երկիր» ճանաչեց Հայաստանը: