Գիշերային հրավառություն՝ մայրաքաղաքի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News



Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 1.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին է փոխանցվել մի քաղաքացու ահազանգը, որ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում արդեն երկրորդ անգամ հրավառություն է, որոնց ձայներից միացել են նաև մեքենաների անվտանգային ազդանշանները: Նույն պահին Կենտրոնական բաժնում էլ են ստացվում ահազանգեր` նույն հրավառության վերաբերյալ: Ահազանգողներից մեկն անգամ հայտնում էր, որ երեխաները վախից վեր են թռել:

Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ: Համայնքային ոստիկաններին հաջողվեց պարզել, որ ահասարսուռ հրավառությունը կազմակերպել էր Արմավիր քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Նրա ասելով` այդպես նշում էր ընկերոջ ծննդյան տարեդարձը:

Գիշերային մայրաքաղաքում անպատեհ հայտնված արմավիրցի երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Կազմվել է վարչական արձանագրություն, որը, հուսանք, կունենա նաև դաստիարակչական նշանակություն: Ու՝ ոչ միայն նրա համար:

--00—ԶՀ