Կանադան հանձնառու է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը. Կանադայի ԱԳՆ-ն՝ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

սս

Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է՝ Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր կողմից բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի որոշումը: 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մելանի Ջոլին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք մեր «հետքը» տարածաշրջանում։ Այժմ մենք հայտարարում ենք, որ Կանադան մասնակցություն է ունենալու Հայաստանում ԵՄ առաքելությանը»:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է այս գրառմանը:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հավատարմության վրա»,-նշել է Միրզոյանը: 

--00—ՍՊ