Չխուսափեք վճռական ու պատասխանատու որոշումներից. Վանեցյանն ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

dd

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորնտիր նախագահ Սամվել Շահրամանյանին․

«Անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Այս կարևոր իրադարձությունը վկայում է Արցախի Ազգային ժողովի և հանրության ողջամտության, կամքի և տոկունության մասին՝ անսասան վճռականությամբ դիմակայելու այն անհավանական մարտրահրավերներին, որոնց հարկադիր կերպով առերեսվում է Արցախն այս օրերին։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարումն էական նշանակություն կունենա Արցախում ներքին կայունությունը, հանրային համերաշխությունը և միասնականությունը պահպանելու, Ադրբեջանի կողմից պարտադրված անօրինական շրջափակման հետևանքով ի հայտ եկած ճգնաժամի հետևանքները վերացնելու, անդառնալիից խուսափելու և Արցախն այս դժվարին ժամանակներում արժանապատվորեն առաջնորդելու գործում։

Կայացվելիք որոշումներն ու լուծումներն անշուշտ ճակատագրական և շրջադարձային են լինելու Արցախի և ողջ հայ ժողովրդի համար, սակայն հավատացած եմ, որ արժանապատիվ խաղաղության պայմաններում Արցախի բարօրության և բարգավաճման բանաձևի իրագործումը սպառված չէ, և Դուք բացառիկ հնարավորություն ունեք այդ հարցում հաջողելու համար։ Մաղթում եմ, որ այդ հնարավորությունը լավագույնս ծառայեցնեք Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը, այդ ճանապարհին չխուսափեք վճռական ու պատասխանատու որոշումերից և վստահ լինեք, որ արժանապատիվ ընթացքի դեպքում ունենալու եք ոչ միայն Ձեր ընտրողների, այլև ողջ հայ ժողովրդի աջակցությունը։

Թող Ձեր նախագահությունը խաղաղություն, կայունություն և բարգավաճում բերի Արցախի Հանրապետությանը»։

--00—ՍՊ